Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Շուրջ 160 միլիոն ամերիկացիներ հայտնվել են արտակարգ շոգի սպառնալիքի տակ, որը հուլիսի 1-ից հաստատվել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի և Արևելյան ափի նահանգներում: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Արտակարգ շոգի մասին նախազգուշացումներ են հայտարարվել 30 նահանգում: Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բոստոնը, (Մասաչուսեթսի նահանգ), Վաշինգտոնը, Կանզաս Սիթին (Միսսուրիի նահանգ), Մեմֆիսը (Թենեսիի նահանգ), Նյու Յորքը (Նյու Յորքի նահանգ) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիայի նահանգ), առաջիկա երեք օրերին ջերմաչափի սյունը կբարձրանա մինչև 42–45 աստիճան Ցելսիուս: Նահանգային իշխանությունները հայտարարել են վտանգի բարձր մակարդակ, խոշոր քաղաքներում կազմակերպվել են կենտրոններ օդորակման սենյակներով, որտեղ բնակիչները կարող են սպասել, մինչև շոգն անցնի:
Նշվում է, որ օդի անոմալ բարձր ջերմաստիճանները կարող են ստեղծել մեծ ռիսկեր բնակչության առողջության համար, ինչպես նաև մեծացնել էներգետիկ ենթակառուցվածքների բեռնվածությունը: Նախազգուշացման գոտիներում գտնվող բնակիչներին կոչ է արվում խուսափել դրսում երկարատև մնալուց, հեղուկներ շատ օգտագործել և հնարավորինս մնալ օդորակվող շենքերում:



