երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին

Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին

Գազայի հատվածում իշխանությունը պետք է իրականացնեն պաղեստինցիները՝ միջազգային հանրության աջակցությամբ՝ հաշվի առնելով անվտանգության բնագավառում Իսրայելի շահերը։ Այդ  մասին ասված է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Կողմերն իրենց «լիակատար աջակցությունն» են հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջարկված համապարփակ գործարքին, որը պետք է հանգեցնի Գազայում անհապաղ հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման, հումանիտար օգնության մատակարարումների աճի։

Չորս երկրների ղեկավարները կրկին ընդգծել են պաղեստինաիսրայելական ճգնաժամը երկու երկրների ստեղծման միջոցով կարգավորելու կարևորությունը, որը մնում է «միակ կենսունակ լուծումն՝ արձագանքելու երկու ժողովուրդների՝ խաղաղության և անվտանգության օրինական ձգտումներին»։

«Նրանք վերահաստատել են իրենց աջակցությունը Պաղեստինյան ինքնավարությանը և վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի բարեփոխումների ծրագրին և կոչ են արել ավելի մեծ օգնություն ցուցաբերել նրա կառավարությանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով, այդ թվում՝ Իսրայելի կառավարության կողմից եկամուտների փոխանցման համատեքստում: Այդ առնչությամբ նրանք ընդգծել են Գազայի հատվածում Պաղեստինի օրինական կառավարման վերականգնման անհրաժեշտությունը՝ համապատասխան միջազգային աջակցությամբ և Իսրայելի անվտանգության շահերը հաշվի առնելով», - ասված է հայտարարության մեջ։

Ղեկավարներն ընդգծել են, որ մտադիր են «իրենց ավանդը ներդնել Գազայի հատվածում կայունության աջակցման միջազգային ջանքերում՝ բոլորի համար երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության ապահովման և նման ճգնաժամի կրկնություն թույլ չտալու նպատակով»:

Բացի այդ, ղեկավարներն ուշադրություն են հրավիրել «Լիբանանում կայունության պահպանման կարևորության վրա»՝ կոչ անելով «բոլոր կողմերին զերծ մնալ հետագա տարածաշրջանային էսկալացումից»:

  • Կիսվել: