կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առանց ԱՄՆ-ի օգնության, Ուկրաինան ստիպված կլինի որոշել, թե որ քաղաքները պահի. Պենտագոն

Առանց ԱՄՆ-ի օգնության, Ուկրաինան ստիպված կլինի որոշել, թե որ քաղաքները պահի. Պենտագոն

Առանց ԱՄՆ-ի նոր ռազմական օգնության՝ Ուկրաինայի զինված ուժերը պետք է որոշի, թե որ քաղաքները կարող են պահել իրենց ունեցած ռեսուրսներով։ Այդ կարծիքը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Սա վճռորոշ պայքար է նրանց կյանքի և երկրի համար, ուստի մենք անհապաղ ֆինանսավորման կարիք ունենք: Սա ահազանգ է, որը հնչում է հոկտեմբերից»,- ընդգծել է Պենտագոնի խոսնակի տեղակալը։ Սաբրինա Սինգհը Կոնգրեսին կոչ է արել շտապ հավանություն տալ Ուկրաինային միջոցների հատկացմանը:

Միևնույն ժամանակ, նա «ռազմավարական» է անվանել ուկրաինական զինված ուժերի նահանջը Ավդեևկայից, որն իրականացվել է հրետանու և արկերի պահպանման նպատակով, ինչի պակասն այժմ Ուկրաինայում խիստ զգացվում է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նույնպես կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հնարավորինս արագ հաստատել Կիևին 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը։ «Որքան երկար ԱՄՆ-ն ձգի օգնություն տրամադրելը, այնքան ավելի շատ ուկրաինացիներ կմահանան ռազմաճակատում»,-նախազգուշացրել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև այն կարծիքին է, որ Ավդեևկայի գրավումն էականորեն չի ազդի ռազմաճակատի վրա։

  • Կիսվել: