երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանց ԱՄՆ-ի նոր օգնության Ուկրաինան կհայտնվի սպառնալիքի տակ. Բլինքեն

Առանց ԱՄՆ-ի նոր օգնության Ուկրաինան կհայտնվի սպառնալիքի տակ. Բլինքեն

Առանց ԱՄՆ-ի նոր օգնության այն ամենն, ինչին Ուկրաինան հասել է Ռուսաստանի ռազմական գործողություններին դիմակայելու երկու տարվա ընթացքում, սպառնալիքի տակ կհայտնվի։

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 29-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Հրաժարվելով տրամադրել այդ լրացուցիչ օգնությունը՝ մենք ուժեղ և սխալ ազդանշան կուղարկենք մեր բոլոր ընդդիմախոսներին, որ մենք լուրջ չենք վերաբերվում ազատության պաշտպանությանը, ժողովրդավարության պաշտպանությանը», - ասել է Բլինքենը:

Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Ուկրաինան արդեն գերազանցել է սպասելիքները՝ հետ վերցնելով իր տարածքների կեսը, որոնք ի սկզբանե գրավել էր Ռուսաստանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, թե նրանց օգնելն անօգուտ է, ապա ուկրաինացիները ճիշտ հակառակն են ապացուցել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականների ​​և դեմոկրատների առաջնորդների հետ հանդիպմանը կջանա համոզել նրանց, որ Ուկրաինային օգնության շարունակումը կամրապնդի ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգությունը։

«Եթե Պուտինը հաղթի, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա նաև աշխարհը կդարձնի ավելի վտանգավոր, իսկ մեզ՝ պակաս անվտանգ», - ընդգծել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: