Առանց ԱՄՆ-ի մասնակցության՝ անվտանգության ցանկացած երաշխիք Ուկրաինայի համար թույլ է․ Զելենսկի
ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության երաշխիքներն առանցքային նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Այս մասին հեռուստամարաթոնի շրջանակներում տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին , տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ըստ Զելենսկիի՝ Ուկրաինայի համար «արդար խաղաղություն» հասկացությունը ներառում է հստակ տեսլական ԵՄ-ին անդամակցելու ժամկետների, ինչպես նաև անվտանգության հուսալի և ուժեղ երաշխիքների առկայության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն լավագույն լուծումն է Ուկրաինայի համար, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության ցանկացած այլ երաշխիք կլինի թույլ և ոչ բավարար։
«Անշուշտ, առանց ԱՄՆ-ի մասնակցության անվտանգության ցանկացած այլ երաշխիք Ուկրաինայի համար թույլ է։ Մինչ այժմ ոչ ոք Ուկրաինային անվտանգության այնպիսի երաշխիքներ չի առաջարկել, որոնք համեմատելի լինեն Իսրայելի ստացած երաշխիքների հետ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է շարունակել պայքարը և կառուցել ուժեղ և անվտանգ պետություն, սակայն այդ ջանքերը չեն կարող արդյունավետ լինել առանց միջազգային գործընկերների, հատկապես ԱՄՆ-ի ակտիվ աջակցության։