չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առաջատար տերությունների առաջնորդներն արտակարգ հանդիպում են անցկացնում

Առաջատար տերությունների առաջնորդներն արտակարգ հանդիպում են անցկացնում

Աշխարհի առաջատար տերությունների առաջնորդները հավաքվել են արտակարգ հանդիպման՝ քննարկելու Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող գյուղերից մեկի վրա հրթիռների ընկնելու միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Հաղորդվում է, որ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի բոլոր հյուրերի պլանները վերագծվել են` կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ:

Համաշխարհային առաջնորդներն անընդհատ հեռախոսով զրուցում էին իրենց պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ և նրանց հետ քննարկում Լեհաստանի թեման։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպումից առաջ հասցրել են զրուցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Բայդենը զրուցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Հանդիպմանը, որը Սպիտակ տունն անվանել է «արտակարգ կլոր սեղան», մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Նիդերլանդների ղեկավարները։

Պայթյուններից հետո Վարշավան անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել և որոշել բարձր պատրաստվածության վիճակի բերել զինված ուժերը

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, որի Կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում ընդդեմ բոլորի: Միաժամանակ, արևմտյան աղբյուրները նշում են, որ ռազմական դաշինքի արձագանքը կատարվածին մեծապես կախված կլինի քննության արդյունքներից, մասնավորապես հարցից`միջադեպը միտումնավոր էր, թե պատահական:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին ասել է, որ տեղեկություն չունի Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի մասին։
«Ցավոք, ես տեղեկություն չունեմ այդ մասին», - անգլերեն թարգմանությամբ Պեսկովի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կոչ է արել բնակիչներին հանգստություն պահպանել, նշելով, որ Լեհաստանը բարձրացնում է իր զինված ուժերի առանձին ստորաբաժանումների մարտունակության մակարդակը, մասնավորապես ուժեղացնում է վերահսկողությունը իր օդային տարածքում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «շատ անհանգստացած է» Լեհաստանում հրթիռների պայթյունով և հուսով է, որ հետաքննությունը կիրականացվի առավելագույնս մանրակրկիտ կերպով, ասվում է Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։

«Չափազանց կարևոր է խուսափել Ուկրաինայում պատերազմի սրումից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։

  • Կիսվել: