հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արաբական աշխարհը պահանջում է, որ Արևմուտքը ազդի Նեթանյահուի վրա. BBC

Արաբական աշխարհը պահանջում է, որ Արևմուտքը ազդի Նեթանյահուի վրա. BBC

Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալիդ բեն Բանդար Ալ Սաուդը մեղադրել է Արևմուտքին երկակի ստանդարտների համար՝ ասելով, որ Իսրայելին թույլ է տրվում անել այն, ինչ մեկ այլ երկրի կարգելվեր: Նրա խոսքով՝ որքան երկար են գլխավոր միջազգային խաղացողներն աչք փակում Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վրա, այնքան նրանք հետ են մղում տարածաշրջանում խաղաղության ցանկացած հնարավորություն:

Դեսպանի կարծիքով՝ պաղեստինցիները երբեք չեն հասնի արդարության, քանի դեռ աշխարհը չի սկսել արդարադատություն իրականացնել իսրայելցիների նկատմամբ։

Խալիդ բեն Բանդար Ալ Սաուդը հարցազրույց է տվել այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելում էր Մերձավոր Արևելքի երկրներ՝ հույս ունենալով երաշխիքներ ստանալ, որ տարածաշրջանի երկրները չեն միջամտի Իսրայելի պատերազմին ՀԱՄԱՍ-ի դեմ:

Հակամարտության ընդլայնումը Վաշինգտոնի գլխավոր մտահոգություններից է։ Բլինքենն արդեն այցելել է Կատար, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Հորդանան։ Նա այժմ Իսրայելում է, որից հետո կհանդիպի Պաղեստինի Ինքնավարության և Եգիպտոսի ղեկավարների հետ։

Մերձավոր Արևելքի երկրները սպասում են, որ Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Միացյալ Նահանգները, սակայն, բազմիցս աջակցություն է հայտնել Իսրայելին ինքնապաշտպանության իրավունքի հարցում: Բլինքենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի հետագա փուլերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ռազմական արշավն ավարտելու մասին խոսք չի եղել։

Իսրայելական հրամանատարությունը խոսում է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, որը ենթադրում է ավելի կետային ցամաքային հարվածներ թիրախներին և թունելների ոչնչացում Գազայի հյուսիսում։

Իսրայելը ներկայացրել է տարածաշրջանի ապագայի իր տեսլականը: Երկրի պաշտպանության նախարար Գալանտի առաջարկած ծրագրի համաձայն՝ Գազայի հատվածը կկառավարեն պաղեստինցիները, սակայն Իսրայելը կպահպանի անվտանգության ոլորտը։

Փաստաթղթում նշված միակ երկիրը, որին Իսրայելը պատրաստ է ներգրավել Գազայի հատվածի ապագա սահմանային հսկողությանը, Եգիպտոսն է։

  • Կիսվել: