Անվտանգության երաշխիքները չեն կարող քննարկվել առանց ուկրաինացիների մասնակցության. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «ավարտել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը»: Այս մասին տեղեկացնում է Le Monde-ը։
Նշվում է, որ Մակրոնը հավելել է, որ «առաջիկա օրերին» ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացվեն՝ այդ երաշխիքներին ամերիկյան մասնակցությունը պարզաբանելու համար։
«Ընթանում են զուգահեռ քննարկումներ, որպեսզի Ռուսաստանը կարողանա այդ համատեքստում ամերիկացի միջնորդին խաղաղության իր ձգտման վերաբերյալ լիակատար պարզություն մտցնի»,-ասել է նա:
Մակրոնի խոսքով՝ «ամերիկյան և ռուսական պատվիրակությունների միջև քննարկումներ» ևս կանցկացվեն՝ «Ռուսաստանի առաջ շարժվելու պատրաստակամությունը կամ դժկամությունը» քննարկելու համար։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ «Ուկրաինան միակ երկիրն է, որը կարող է տարածքային հարցեր քննարկել:
«ԱՄՆ-ը միջնորդի դեր է ստանձնել, և ես բարձր եմ գնահատում Թրամփի ղեկավարությամբ ամերիկյան թիմի իրականացրած աշխատանքը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, ամեն մեկը պետք է կատարի իր դերը։
«Երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, դրանք չեն կարող քննարկվել կամ բանակցվել առանց ուկրաինացիների մասնակցության, որոնց տարածքը տուժում է, ինչպես նաև առանց եվրոպացիների և բոլոր կամավորների կոալիցիոն դաշնակիցների մասնակցության, քանի որ նրանք են երաշխավորները»,-նշել է Էմանուել Մակրոնը։
Նա անդրադարձել է նաև խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին Անդրեյ Երմակի հրաժարականի մասին հարցին՝ ասելով, որ «պատասխանատու կառույցները ստեղծվել, ամրապնդվել են և ազատորեն կատարում են իրենց աշխատանքը»։
«Անհրաժեշտ որոշումներն ինքնիշխ կերպով ընդունել են Ուկրաինայի իշխանությունները։ Մի՞թե Ուկրաինային դասեր տալը մեր գործն է։ Ո՛չ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:


