ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Աննախադեպ ծավալի ցույցեր են շաբաթ օրը սպասվում Վաշինգտոնում

Աննախադեպ ծավալի ցույցեր են շաբաթ օրը սպասվում Վաշինգտոնում

ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում շաբաթ օրը սպասվում են բողոքի մեծածավալ ցույցեր: Տեղի ոստիկանության կարծիքով, մայրաքաղաքում ցուցարարների թիվը գերազանցելու է նախորդ օրերի բողոքի ցույցերի թվին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Երկրի մեծաթիվ քաղաքներում համատարած ցույցեր ու բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ Մինեապոլիս քաղաքում ոստիկաններից մեկի ծնկի ճնշման տակ մահացավ սեւամորթ Ջորջ Ֆլոյդը: Ցույցերի մասնակիցներն, արդեն երկու շաբաթ պայքարելով, պահանջում են արդարություն եւ բարեփոխումներ օրենքներում: Ցույցերի ալիքը տարածվել է նաեւ ԱՄՆ-ից դուրս: Հավաքներ են անցկացվել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպես Լոնդոնը, Փարիզն ու Սիդնեյը:

ԱՄՆ-ում ուրբաթ օրն անցկացված ցույցերն ավելի խաղաղ էին: Մի քանի օր առաջ սակայն տեղի էին ունեցել բախումներ, իրականացվել հրկիզումներ ու թալան:

Այլ հաղորդագրությունների համաձայն, երկրի պաշտպանության նախարարությունը` Պենտագոնը Վաշինգտոնի շրջան բերված բանակային ուժերին հրամայել է վերադառնալ իրենց բազաներ: Վաշինգտոնին հարակից Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում տեղակայված փոքրաթիվ մի ջոկատ սակայն մնում է պատրաստ վիճակում:

Վաշինգտոնի քաղաքագլուխը նամակ է հղել նախագահ Թրամփին ու խնդրել «հետ քաշել իրավապահ մարմինների դաշնային բոլոր հավելյալ եւ ռազմական ուժերը»:

 

  • Կիսվել: