ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անկարան մեծ ուշադրությամբ է առաջ տանելու Երևանի հետ երկխոսությունը. Թուրքիայի փոխնախագահ

Անկարան մեծ ուշադրությամբ է առաջ տանելու Երևանի հետ երկխոսությունը. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն այս մասին ասել է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, այս մասին հայտնում է Anadolu-ն։
 
Օքթայի խոսքով՝ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։
 
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ ուշադիր և Բաքվի հետ սերտ համակարգելով։
 
Օքթայը կրկին խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին։
 
«Պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։ Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասել է Թուրքիայի փոխնախագահը։
 
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել «3 + 3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնության վրա։
 
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։
 
Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

  • Կիսվել: