կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ

Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ

 Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի անձնական հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ։  Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

«Նման հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ, սակայն աշխատանքներ են տարվում այն ​​կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Քըլըչը՝ պատասխանելով Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցին։

Սիրիական խնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի և Թուրքիայի ղեկավարները կարող են հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ ավարտին հասցնելով կարգավորման ճանապարհային քարտեզին վերաբերող աշխատանքը, ինչը կվերականգնի դիվանագիտական ​​հարաբերությունները երկու երկրների միջև։

Սակայն Ասադը բացառեց Էրդողանի հետ անձնական հանդիպման հնարավորությունն այն պայմաններում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները կնշանակեն Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսի օկուպացիայի ճանաչում։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վատթարացան 2011 թվականին Սիրիայում հակամարտության բռնկումից հետո, միևնույն ժամանակ սիրիացի փախստականների հոծ խմբերն անցան Թուրքիա։ Երկու երկրների միջև դիվանագիտական ​​կապերը խզվեցին։

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Էրդողանը լրագրողներին ասել էր, որ իր ռուս գործընկեր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի ղեկավարի մասնակցությամբ։ Այդ գագաթնաժողովին, նրա խոսքով, պետք է նախորդեն բանակցությունները հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Նման հանդիպումներ եղել են ավելի վաղ, որոնց ընթացքում քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի պատրաստման հարցերը։

  • Կիսվել: