չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել թմրամաքսանենգության համար կասկածվող հերթական նավին

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել հերթական նավին, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, Կարիբյան ծովում թմրանյութեր էր տեղափոխում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

«Փետրվարի 23-ին SOUTHCOM-ի հրամանատար գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» օպերատիվ խումբը մահացու հարված է հասցրել ահաբեկչական կազմակերպության կողմից շահագործվող նավին։ Հետախուզության տվյալների համաձայն` այն շարժվում էր Կարիբյան ծովում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում թմրամաքսանենգության գործողություններով», - ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ գործողության ընթացքում սպանվել է երեք տղամարդ թմրաահաբեկիչ։ Ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 40-ից ավելի հարված է հասցրել նավերի, որոնք, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, սպանվել է 140 մարդ։

 

  • Կիսվել: