երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու ջանքերը

ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու ջանքերը

ԱՄՆ Սենատը տապալել է Թուրքիային 23 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը դադարեցնելու ջանքերը, հայտնել է Reuters գործակալությունը։ Սենատը 79 կողմ, 13 դեմ ձայներով դեմ է քվեարկել հանրապետական սենատոր Ռենդ Փոլի ներկայացրած օրինագծին, որը պահանջում էր չհաստատել վաճառքը: Քվեարկությունից առաջ Փոլը քննադատել է Թուրքիայի կառավարությանը և ասել, որ վաճառքի թույլտվությունը կքաջալերի նրա «վատ վարքը»: Ավելի վաղ սենատորը որպես հիմնավորում նշել է Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի աջակցության, Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Ռուսաստանից С-400 համակարգերի ձեռքբերման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցության մասին։

«Թուրքիայի անսասան աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ նրա դաժան հակամարտությունում հանգեցրել է լայնածավալ զոհերի և աղետալի հումանիտար ճգնաժամի, որի հետևանքով ավելի քան 100000 մարդ է տեղահանվել»,- նշված է նրա գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Վաճառքի աջակիցներն էլ պնդել են, որ Վաշինգտոնի համար կարևոր է պահել ՆԱՏՕ-ի դաշնակցին տված խոստումը: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Lockheed Martin ընկերության արտադրած 40 F-16-ներ և մոտ 80 արդիականացման սարքավորումների վաճառքը շարունակելու իր մտադրության մասին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր Անկարայի կողմից Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին լիովին վավերացնելու հաջորդ օրը։

  • Կիսվել: