ԱՄՆ պետքարտուղարը Նեթանյահուի հետ այցելել է Լացի պատ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոյի այցը երկիր ընդգծել է դաշնակիցների միջև կապերի ամրությունը՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ Քաթարում Իսրայելի աննախադեպ հարվածից օրեր անց, որն ամենուրեք քննադատություն էր առաջացրել: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը Դոհայում տեղի ունեցած հարձակման համար կշտամբել էր Իսրայելին, սակայն շաբաթ օրը Վաշինգտոնից մեկնելուց առաջ Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ թեև Թրամփը «դժգոհ է» այդ հարվածից, սակայն «դա չի փոխի մեր հարաբերությունների բնույթը իսրայելցիների հետ»։ Այնուամենայնիվ, այս հարձակումը կրկին վտանգել է Գազայում զինադադարի հասնելու ջանքերը, և Ռուբիոն խոստովանել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը «ստիպված կլինեն քննարկել» դրա հետևանքները։
Հաղորդվում է նաև, որ այսօր Ռուբիոն, հրեական կիպա հագած, աղոթել է Երուսաղեմի Սուրբ Լացի պատի մոտ՝ Նեթանյահուի և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հետ միասին:
Լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն, Ռուբիոյին անվանելով Իսրայելի «արտառոց ընկեր», ասել է, որ դիվանագետի այցը ցույց է տալիս «իսրայելաամերիկյան դաշինքի ուժը». «Այն նույնքան ամուր է, որքան Արևմտյան պատի քարերը, որոնց մենք հենց նոր դիպանք»։
Ռուբիոյի հիմնական հանդիպումները պաշտոնյաների, այդ թվում՝ Նեթանյահուի հետ, տեղի կունենան երկուշաբթի՝ մինչև երեքշաբթի նրա մեկնումը։


