երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտահոգություն է հայտնել Վրաստանում «գործակալների օրենքի» առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտահոգություն է հայտնել Վրաստանում «գործակալների օրենքի» առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենն իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերսկսման կապակցությամբ, գրում է aliq.ge-ն:

Ըստ Օ՛Բրայենի՝ Վաշինգտոնին անհանգստացնում են Վրաստանի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունները, որոնք Վրաստանի համար Եվրոպայից անջատվելու վտանգ են ստեղծում:

«Միացյալ Նահանգները միշտ կբարձրացնի իր ձայնը՝ ի պաշտպանություն բոլորի մարդու իրավունքների, ներառյալ խոսքի ազատությունը և խաղաղ հավաքների ազատությունը», — X-ի իր միկրոբլոգում գրել է Ջիմ Օ’Բրայենը:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց:

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

  • Կիսվել: