ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կոչ են արել սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կոչ են արել սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների ավելի քան 20 կոնգրեսականներ Կոնգրեսին կոչ են արել 2023 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի վերջնական տարբերակում պահպանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 1271 դրույթը: Դրույթը սահմանափակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հնարավորությունները՝ կյանքի կոչելու Թուրքիային F-16  ինքնաթիռներ և արդիականացման սարքավորումներ փոխանցելու մտադրությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և նրա #NoJetsForTurkey կոալիցիոն գործընկերները վճռականորեն աջակցում են այս արշավին։

«Ամերիկահայերը միանում են Կոնգրեսի մեր ընկերներին և հույն, հինդու, քուրդ, հրեա, քրիստոնյա և այլ գործընկերներին՝ ընդգծելով Թուրքիային F-16-երի վաճառքի կամ փոխանցման խելամիտ արգելքների հրատապությունը: Դա երկիր է, որը կանոնավոր և բացահայտ կերպով տեղակայում է ԱՄՆ-ի  զենքերն ընդդեմ ամերիկյան դաշնակիցների: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Քրիս Պապպասին՝ նման անխոհեմ վաճառքի նկատմամբ ողջամիտ սահմանափակումներ կիրառելու շուրջ լայն փոխհամաձայնություն ստեղծելու իր սկզբունքային, հզոր առաջնորդության համար», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոնգրեսական Պապպասի նամակի համահեղինակները նշում են, որ հարկավոր է համոզվել, որ ամերիկյան զենքը չօգտագործվի ՆԱՏՕ-ի ներսում ռազմատենչ գործողությունների համար:

Նամակում նշվում է, որ Թուրքիան իր F-16 կործանիչները բազմիցս օգտագործել է Հունաստանի ինքնիշխանությունն ու օդային տարածքը խախտելու համար՝ կասկածի տակ դնելով Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը:

Հուլիսին 1271 դրույթի քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը և #NoJetsForTurkey կոալիցիան քարոզչական գործունեություն էին իրականացնում: Բանաձևին կողմ է արտահայտվել 244, դեմ՝ 179 կոնգրեսական:

  • Կիսվել: