ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աշխատում է ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շուրջ օրինագծի վրա
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ շարունակվում է աշխատանքը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնատար անձանց պատժամիջոցների ենթարկելու շուրջ օրինագծի վրա այն բանից հետո, երբ ՄՔԴ դատախազը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխների ձերբակալելու հրամանի դիմում է ներկայացրել։
Այս մասին հաղորդում է The Hill հրատարակությունը:
«Մենք աշխատում ենք այն հարցի շուրջ, թե որն է լինելու լավագույն տարբերակը: Կարծում եմ՝ դա կլինի երկկուսակցական որոշում», - ասել է Ջոնսոնը:
Լրագրողների այն հարցերին, թե արդյոք օրինագիծը կներառի կոնկրետ պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են ձերբակալման հրաման պահանջելու մեջ, Ջոնսոնն ասել է. «Դա կլինի բաղադրիչներից մեկը»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 21-ին Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում ասել է, որ վարչակազմն ուրախ կլինի աշխատել օրենսդիրների հետ՝ ՄՔԴ-ի դեմ գործողություններ ձեռնարկելու շուրջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման հրամանի դիմում ստանալու վերաբերյալ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանի հայտարարությունը՝ նշելով, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարության նշան չկա։