ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բիզնես գործարքներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ հարկային հայտարարագրերը հաստատում են տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բիզնես գործարքներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում։
«Նոր հրապարակված հարկային հայտարարագրերը հաստատում են տեղեկություններն այն մասին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չկարողացավ դիմակայել Ադրբեջանի՝ 2020 թ․ հարձակմանն՝ ընդդեմ Արցախի, բիզնես գործարքներ է ունեցել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ։
Դոնալդ Թրամփի՝ 6 տարվա դաշնային հարկային հայտարարագրերը, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը, ցույց են տալիս, որ ԱՄՆ նախկին նախագահը շատ քիչ դաշնային եկամտահարկ է վճարել իր պաշտոնավարման առաջին և վերջին տարիներին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Այս փաստաթղթերը հրպարակելու գործը հասել էր մինչև Գերագույն դատարան։ Դրանց հրապարակումից հետո պարզ է դառնում, որ Թրամփը հայտարարել է մեծ կորուստների մասին, ինչն օգտագործել է իր հարկային բեռը նվազեցնելու կամ գործնականում վերացնելու համար:
Իր հարկային հայտարարագրում Թրամփը թվարկել է այն երկրները, որտեղ ունեցել է բիզնեսից եկամուտներ, հարկեր, ծախսեր և այլն։ Այդ երկրների թվում են Ադրբեջանը և Թուրքիան։ Բացի այս երկու երկրներից՝ ցանկում կան նաև Հնդկաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավությունը, Վրաստանը, Իսրայելը և այլն։
Թրամփն էլ հայտարարել է, որ դեմոկրատները նման բան չպետք է անեին, Գերագույն դատարանն էլ փաստաթուղթը հրապարակելու որոշումը չպետք է հաստատեր։