հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագիծը

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագիծը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության՝ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Կառլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը՝ էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի՝ ներառյալ TRIPP երթուղու, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտներում:

Հաղորդվում է նաև, որ խոսվել է ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանի համապատասխան ենթակառուցվածքների ու լոգիստիկ հնարավորությունների հետ ծանոթացնելու և համագործակցության զարգացման հեռանկարների մասին:

«Բարձր են գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո՝ Ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում, առանձին ուղղություններով անցկացված երկկողմ շփումների և քննարկումների արդյունքները։ 

Հանդիպմանը նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի կարևոր դերի, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման նշանակության, «Միջին միջանցքում» առևտրային երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև Ադրբեջանում բիզնեսի և ներդրումների զարգացման համար առկա բարենպաստ պայմանների ու նոր կապերի հաստատման հնարավորությունների շուրջ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: