ԱՄՆ Պետքարտուղարությունը հորդորել է իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում «առավելագույն զգոնություն ցուցաբերել»՝ կապված այն բանի հետ, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել արտերկրում գտնվող ամերիկյան օբյեկտներին և շահերին:

Պետքարտուղարության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին անվտանգության ոլորտում իրավիճակը դեռևս բարդ է և պահպանում է իրադարձությունների անանխատեսելի զարգացման ներուժ:

ԱՄՆ դիվանագիտական օբյեկտները, դրանց թվում՝ Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս, արդեն դարձել են հարձակումների թիրախ: Իրանը և նրան աջակցող խմբավորումները կարող են հարվածներ հասցնել արտերկրում տեղակայված ամերիկյան այլ օբյեկտներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների և ԱՄՆ քաղաքացիներին առնչվող վայրերին ամբողջ աշխարհում»:

Նշվում է նաև, որ տվյալ պահին Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիները «պետք է զգուշություն պահպանեն, բարձրացված զգոնություն ցուցաբերեն և պատրաստ լինեն ավիաչվերթների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի պարբերական փակմանը և տրանսպորտի աշխատանքի խափանումներին»: Իսկ տարածաշրջանից դուրս գտնվողներին խորհուրդ է տրվում «վերանայել դեպի Մերձավոր Արևելք և դրա տարանցմամբ ուղևորությունների ծրագրերը»: