չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

ԱՄՆ-ի զինվորականներն ապրիլի 24-ին Ադենի ծոցի շրջանում խոցել են Եմենի հութիների կողմից արձակված հականավային բալիստիկ հրթիռը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Նշվում է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել էր ամերիկյան դրոշի ներքո ընթացող Yorktown բեռնարկղանավը, որում գտնվում էին ԱՄՆ-ի 18 և Հունաստանի չորս քաղաքացի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի ուշ չորս անօդաչու թռչող սարք է խոցվել «Եմենի այն շրջաններում, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ»:

«Պարզվել է, որ ԱԹՍ-ներն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար: Այդ գործողությունները ձեռնարկվում են՝ պաշտպանելու ազատ նավագնացությունը և ուժեղացնելու միջազգային ջրերի անվտանգությունն ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար», - ընդգծել է հրամանատարությունը:

Իր հերթին, հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ «մի քանի հականավային հրթիռներ են արձակվել Yorktown բեռնարկղանավի վրա, արձանագրվել են ուղիղ հարվածներ թիրախին»։

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սարիան նաև հայտնել է երկու գործողության մասին՝ անօդաչուների օգտագործմամբ: Առաջին թիրախը եղել է Ադենի ծոցում ԱՄՆ-ի ռազմանավը, իսկ երկրորդը՝ իսրայելական նավը` Խաղաղ օվկիանոսում։ Նրա խոսքով՝ անօդաչուները «հասել են իրենց թիրախներին»։

  • Կիսվել: