ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Եմենում 68 մարդ է զոհվել
ԱՄՆ-ն Եմենի Սաադա քաղաքում թիրախավորել է աֆրիկացի միգրանտների պահման վայրը։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է 68 մարդ, 47 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։
Քաղաքացիական պաշտպանության և փրկարարական խմբերն աշխատանքներ են իրականացնում հրդեհները մարելու և տուժածներին փրկելու ուղղությամբ, իսկ շտապօգնության անձնակազմը ինտենսիվ ջանքեր է գործադրում տասնյակ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու համար։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Եմենի հութիների դեմ մարտի կեսերին գործողություններ սկսելուց ի վեր ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ավելի քան 800 թիրախի։ ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ գործողության մեկնարկից ի վեր հութիների կողմից բալիստիկ հրթիռների արձակումների թիվը նվազել է 69%-ով, իսկ անօդաչու թռչող սարքերի հարվածների թիվը՝ 55%-ով։
ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին: