չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամերիկայի վերադարձը սկսվում է. Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Ամերիկայի վերադարձը սկսվում է. Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, գրում է BBC-ն։

Նրա օգնականները պաշտոնական դիմում են ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար, մինչդեռ նախկին նախագահն անձամբ դիմել է Ֆլորիդայում հավաքված իր կողմնակիցներին։

«Ամերիկայի վերադարձը սկսվում է հիմա»,- հայտարարել է հանրապետականը: 

Նա հպարտությամբ նկարագրել է Սպիտակ տանը անցկացրած քառամյա շրջանը։

«Այդ կարճ չորս տարիների ընթացքում բոլորը հիանալի էին գործում. բոլորը բարգավաճեցին այնպես, ինչպես երբեք», - ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ մինչ իր պաշտոնը լքելը, տնտեսությունը արագորեն վերականգնվում էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած ռեցեսիայից:

«Հիմա մենք անկում ապրող երկիր ենք»,- շարունակել է նա՝ հիշելով երկրում գնաճի կտրուկ աճը, որը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 40 տարվա ընթացքում։

Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահին այն բանի համար, որ, իր խոսքով, երկիրը հասցրել է միջուկային պատերազմի շեմին՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու անկարողության պատճառով:

«Ամերիկան կրկին մեծ ու փառավոր դարձնելու համար այսօր ես առաջադրում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նա բուռն ծափահարությունների ներքո։

Թրամփի խոսքով՝ իր համար չափազանց հեշտ է խոսել ամբոխի առաջ, «երբ շրջապատում այդքան սեր կա»։

Թրամփը խոստացել է, որ այսուհետ մինչև 2024 թվականի ընտրությունների օրը, ինքը կպայքարի այնպես, ինչպես պատմության մեջ ոչ ոք չի պայքարել։

«Մենք հաղթելու ենք Դեմոկրատական կուսակցության արմատական ձախերին, որոնք փորձում են ներսից քանդել մեր երկիրը»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: