ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալիևը հայտնել է, որ Ադրբեջան-ՌԴ բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրագործվում են

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջան-ՌԴ բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրագործվում են

Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է երկու երկրների համագործակցության ծրագրերի հաջող իրականացումը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Այն ճանապարհային քարտեզները, որոնք մենք Ձեր հետ հաստատել ենք, հաջողությամբ իրականացվում են»:

Ալիևի խոսքով՝ համեմատաբար վերջերս է անցկացվել «ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը», որտեղ համանախագահները մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ ոչ միայն առևտրատնտեսական»։

«Եվ, իհարկե, այսօր լավ հնարավորություն կա օրակարգը ևս մեկ անգամ վերանայելու համար։ Այն բավականին ընդարձակ է և դրական»,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Նշվում է նաև, որ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ AZAL-ի օդանավի կործանման շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու համար։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այս իրավիճակն անձամբ հսկողության տակ եք պահում։ Դուք անձամբ եք վերահսկում հետաքննությունը, և մենք կասկած չունեինք, որ այն օբյեկտիվորեն ամեն ինչ կպարզի։ Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության մանրամասն տեղեկատվության համար, երբ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության օդանավը վթարի էր ենթարկվել։ Մենք անմիջապես կապի մեջ էինք Ձեզ հետ։ Ինչպես հիշում եք՝ այդ ողբերգական օրը ես թռչում էի Սանկտ Պետերբուրգ հանդիպման, և երբ ինձ տեղեկացրին միջադեպի մասին, ես անմիջապես զանգահարեցի Ձեզ ինքնաթիռից և մենք միմյանց ցավակցություն հայտնեցինք։ Ես նաև խնդրեցի Ձեզ փոխանցել մեր գործընկերներին, ովքեր նույնպես մասնակցում էին այդ միջոցառմանը, որ օբյեկտիվ պատճառներով ես չեմ կարողանա մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,-նշել է նա:

  • Կիսվել: