Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են ու պատրաստվում են պատերազմի ամեն պահի
«Մենք վրեժ լուծեցինք թշնամուց մարտադաշտում։ Մենք կրկին ցույց տվեցինք մեր ժողովրդի մեծությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը Ադրբեջանից կողմից բռնագրաված, հայաթափած Քարվաճառում։
«Ես սա ասում եմ և՛ որպես պատերազմում հաղթած երկրի գերագույն գլխավոր հրամանատար, և՛ որպես այսօրվա խաղաղության գործընթացի մասնակից՝ Հայաստանի՝ պարտված Հայաստանի հետ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Սակայն այս արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մենք չպետք է առաջնորդվենք քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք։
Իհարկե, մեր զինված ուժերը ամեն րոպե, ամեն օր պահպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք դիտարկում ենք, տեսնում ենք և կտեսնենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները։ Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո, մեր ուժերի զարգացման հետ կապված՝ ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում, մենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը ավելացրինք հազարավոր կործանիչներով՝ չեմ ուզում ճշգրիտ թիվ նշել, բայց շատ, ստեղծվեցին նոր կոմանդոսային ուժեր։ Մեր երկիր են մատակարարվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։
Պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների գնման համար, իսկ եղածները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։
Հետևաբար, եթե որևէ մեկի հիվանդ գլխում միտք է առաջանում Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնել, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար։ Այսուհետ մենք կապրենք որպես հաղթական ժողովուրդ և հաղթական պետություն», - ըստ minval-ի հրապարակման՝ ասել է Ալիևը։


