կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ԱՄՆ–ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. Օ'Բրայենը՝ Ալիևին

ԱՄՆ–ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. Օ'Բրայենը՝ Ալիևին

ԱՄՆ–ն հավատարիմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
 
Ամերիկացի դիվանագետը կարևորել է ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը և հանդես եկել երկկողմ կապերը ռազմավարական մակարդակի հասցնելու օգտին: Այս համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) գործունեությունը:
 
Ալիևը հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ է քննարկվել:
 
Հանդիպմանը ընդգծվել է նաև Ադրբեջանի «կարևոր դերը» Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու գործում: Օ'Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հարցում:
 
Ավելի վաղ Օ'Բրայենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ այցի ընթացքում Ալիևի հետ կխոսի խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին:
 
Ըստ նրա` ԱՄՆ-ն ձգտում է, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն իրականացվի այլընտրանքային ճանապարհներով (այդ թվում՝ Ադրբեջանով)՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը: Սակայն այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի։

  • Կիսվել: