երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ակնհայտ է, որ Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց կատարվածը ուղերձ է, որը հղվում է Իրանի պաշտոնական շրջանակների կողմից․ Վարդան Ոսկանյան

Ակնհայտ է, որ Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց կատարվածը ուղերձ է, որը հղվում է Իրանի պաշտոնական շրջանակների կողմից․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անհանգստացնող է համարում իրանական Թեհրանում ՀՀ դեսպանատան դիմաց երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան։ Միաժամանակ չի էլ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններին սպառնացող լուրջ հարված է կատարվածը։

Հիշեցնենք՝ Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց մի խումբ երիտասարդներ իրենց բողոքն են արտահայտել Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու որոշման  առնչությամբ՝ պահանջելով թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ: Ըստ Ոսկանյանի, բողոքի ալիքը եթե սկզբում լրատվական տիրույթում էր, ապա այժմ այն անցել է գործնական փուլ, որի շրջանակներում բողոքի ակցիա տեղի ունեցավ դեսպանատան դիմաց։

«Իրանցիները սովորաբար ուղերձների լեզվով խոսող ժողովուրդ են, և այս գործողությունը կարելի է գնահատել այսպես՝ Իրանում լուրջ անհանգստություն կա հատկապես Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու որոշման ուղղութամբ։ Փառք Աստծո, բողոքի ակցիայի ժամանակ հակահայկական որևէ հայտարարություն կամ կարգախոս չի հնչել։ Դրանք եղել են հակաիսրայելական, հակաամերիկյան, հակաբրիտանական», -InfoPort.am-ին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ իրանագետի, հարցը պետք է կարգավորվի ներքին, դիվանագիտական կամ այլ խողովակներով։ «Իրանը բազմաշերտ երկիր է, և այս պետության իշխանական համակարգը ունի յուրահատկություն, հետևաբար մենք պետք է այդ համակարգի տարբեր, վճռորոշ որոշումներ կայացնելու ունակ շերտերի հետ էլ աշխատենք», -ասաց Ոսկանյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է բողոքի ակցիայի մասնակիցները ներկայացնում էին նաև երկրի իշխանությունների պահանջը, Իրանագետը պատասխանեց․ «Բողոքի մասնակիցները ուսանողներ էին տարբեր համալսարաններից։ Դատելով բողոքի գործողությունների թե մասնակիցների կարգախոսներից, թե այդ գործողության լրատվական ապահովումից, որը լուսաբանվել է նաև իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունով, ակնհայտ է, որ այդ ուղերձը հղվում է Իրանի պաշտոնական շրջանակներից, իմ նշած բազմաշերտ համակարգի առնվազն մի շերտի կողմից»։

Հետաքրքրվեցինք՝ ըստ իրանագետի, ո՞րն է այս պարագայում լինելու Հայաստանի իշխանությունների գործողությունը ի պատասխան Ոսկանյանը ասաց․ «Մինչ այս էլ Հայաստանը Իսրայելի հետ հարաբերություններ ունեցել է, պահպանել է հարաբերությունների որոշակի մակարդակ, որը ընկալելի ու ընդունելի է եղել բարեկամ Իրանի համար և կարծում եմ, կնճիռը պետք է հարթվի արագ ու որակյալ, որովհետև նման միջադեպերը ակնհայտորեն դառը մրոր են թողնում երկկողմ հարաբերություններում»։

  • Կիսվել: