շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աերոտիեզերական տեխնոլոգիաներն օգնում են բացահայտել հայկական մշակութային ժառանգության գաղտնի ոչնչացումը. CHW

Աերոտիեզերական տեխնոլոգիաներն օգնում են բացահայտել հայկական մշակութային ժառանգության գաղտնի ոչնչացումը. CHW

Կովկասում հետազոտողներն օգտագործում են աերոտիեզերական տեխնոլոգիաներ, որպեսզի բացահայտեն հայկական մշակութային ժառանգության գաղտնի ոչնչացումը։ Հնագիտության այս նոր մեթոդները անհրաժեշտ են ավտորիտարիզմի դեմ գլոբալ պայքարում։ Այս մասին նշվել է Caucasus Heritage Watch նախաձեռնության հետազոտությունում։

«Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության  մայրաքաղաք Նախիջեւանի ամենաբարձր բլրի գագաթին վեր է բարձրանում ազգային պետության մոնոլիտը։ Դեպի Պետական դրոշի հրապարակ եւ թանգարան են տանում աստիճանները, որոնք բարձրանում են կարգի բերված երկրաչափական լանդշաֆտով։ Թանգարանում ներկայացված են պետության խորհրդանշանները՝ պատմական դրոշներ, դրամներ եւ քարտեզներ, իսկ հրապարակում ծածանվում է հսկայական ադրբեջանական դրոշը։ Բայց, ինչպես եւ ազգային հիշողության պահպանման այլ վայրերում, այս համալիրում անարդարության խլացնող լռություն է տիրում։

Պետական դրոշի հրապարակը եւ թանգարանը զբաղեցնում են տարածք, որը ժամանակին գերեզմանատուն է եղել, որտեղ հայերը հուղարկավորել են իրենց մահացածներին 18-20-րդ դարերում։ Գերեզմանատունը պարզապես ջնջվել է երկրի երեսից եւ դարձել գաղտնի մշակութային ոչնչացման լայնամասշտաբ պետական ծրագրի զոհերից մեկը, պետություն, որը ոչնչացրել է հայկական համայնքների գրեթե բոլոր հետքերը, որոնք դարերի ընթացքում Նախիջեւանը համարել են իրենց տունը։

Նախիջեւանը, որը սեղմված է Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, մեկուսացված եւ լեռնային էքսկլավ է, որտեղ այցելել կարող են քչաթիվ օտարերկրացիներ, տեղ, որտեղ անարդարության վկայությունը նոր մոտեցում է պահանջում։

Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական նախաձեռնությունն օգտագործում է արբանյակային նկարներն ու դատափորձաքննությունների այլ մեթոդներ, որպեսզի վկայի մշակութային ոչնչացման գաղտնի ծրագրերի աշխատանքի մասին։ Վերջերս մենք հրապարակել ենք 430 էջանոց հաշվետվություն, որտեղ մանրամասն նկարագրվում է 108 հայկական  վանքերի, եկեղեցիների եւ գերեզմանատների լիակատար ոչնչացումը Նախիջեւանում 1997-2011թթ.։ Սա նշանակում է, որ հայկական ժառանգության օբյեկտների 98 տոկոսը, որոնք չեն կարողացել հայտնաբերել եւ գնահատել, ոչնչացվել է։

Միջնադարի եւ նոր ժամանակների փաստագրված հուշարձանները չեն ոչնչացվել պարզապես. դրանք միտումնավոր լիովին ջնջվել են լանդշաֆտից եւ պաշտոնական պատմությունից։ Եթե ժառանգության ոչնչացման նման մեթոդները տարածվեն որպես ազգային առասպելաստեղծման նոր մարտավարություն, մարդկության անցյալի անթիվ անփոխարինելի հուշարձաններ կարող են հայտնվել սպառնալիքի առջեւ ամբողջ աշխարհում։

Բայց նոր հասանելի տվյալները, վիզուալացման տեխնոլոգիաները եւ հնագետների մի մասի նոր պատրաստակամությունը՝ նետվել հակամարտության ջրապտույտի մեջ, այժմ հնարավորություն են տալիս վկայել ժառանգության ոչնչացման մասին։ Ինչպես նաեւ միջամտել։

Նախիջեւանում ժառանգության ոչնչացման CHW-ի հետազոտությունը փաստագրել է մշակութային ոչնչացման այլընտրանքային, անհամեմատ ավելի կործանարար ձեւ։ Այն տոտալ է, ոչ թե կոնյունկտուրային։ Այն իրականացվում է պետական քաղաքականության բյուրոկրատական ապարատի միջոցով։

Այսօրինակ գաղտնի ոչնչացումը պահանջում է դատաբժշկական փորձաքննություն՝ մոտեցում, որը կարող է փաստագրել ավերածությունը, կանխատեսել նոր սպառնալիքները եւ նպաստել զսպմանը։

Քրեագիտական փորձաքննությունն օգտագործում է առաջավոր տեխնոլոգիաներ, ինչպիսին է Երկրի հեռահար դիտարկումը եւ իմերսիվ ճարտարապետական մոդելավորումը՝ հետաքննելու համար մշակութային օբյեկտների չարաշահումները։ Այն ապացույցներ է տալիս, որոնք կարող են օգտագործվել դատարանում կամ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից, որոնք արդարության եւ ճշմարտության են ձգտում։

Նախիջեւանում ժառանգության ոչնչացման հաշվետվությունում CHW-ն օգտագործել է սառը պատերազմի ժամանակների ամերիկյան հետախուզության գաղտնազերծված լուսանկարները եւ խորհրդային տեղագրական քարտեզները՝ 127 հայկական վանքերի, եկեղեցիների եւ գերեզմանատների գեոլոկացիայի համար։ Մենք օգտագործել ենք նաեւ հայ անվախ հետազոտող Արգամ Այվազյանի անգնահատելի գիտական աշխատանքը եւ ֆոտոարխիվը։ Արգամ Այվազյանը, մեծ ռիսկի ենթարկվելով, փաստագրել է Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը խորհրդային տարիներին։ Այվազյանի աշխատանքները, որոնք օգտագործվել են առկա լուսանկարների համադրմամբ, թույլ են տվել մեզ գնահատել 110 հուշարձանի վիճակը։ Բոլորը, բացի երկուսից, ոչնչացվել են, դրանց շինանյութը դուրս է բերվել, իսկ տեղանքը մաքրվել է հուշարձանների բոլոր հետքերից։

Սբ Նշան վանքում, որը հիմնել են հայ վանականները 13-րդ դարում, արբանյակային լուսանկարներում երեւում է, որ շինությունը մասամբ պահհպանված էր 1982թ.։ Այդ ժամանակ Այվազյանը  կարողացել է ուսումնասիրել հուշարձանը եւ վերակառուցել հատակագիծը։ 2003թ. լուսանկարում պատկերված է տեղանքը՝ այն վերացնելու գործընթացում։ Պատի մի մասը պահպանվել է, եւ այդ տեղում աղբակույտեր են։ 2009թ. այս վկայությունն արդեն վերացվել է, ասես վանքը չի էլ եղել երբեք։ Այն տեղերում, որտեղ նման ֆիկցիան դժվար էր պահել, օրինակ՝ Ջուղայի (ադրբեջաներեն՝ Ջուլֆա) հայկական միջնադարյան գերեզմանատանը, ռազմական օբյեկտներ են կառուցվել, որպեսզի արգելվի դիտորդների մուտքը։

Դեպքերի մեծ մասում տարածքը, որտեղ ժամանակին հայկական հուշարձաններ են եղել, մնում է չզբաղեցված։ Բայց մի շարք դեպքերում վերացված հայկական հուշարձանների հիմքի վրա վեր են բարձրացել նոր հանրային շենքեր, ինչպիսին են Պետական դրոշի հրապարակն ու թանգարանը։ 1973թ. ամերիկյան հետախուզության արբանյակից արված լուսանկարում լավ երեւում է «Նոր հայկական գերեզմանոցը», որը մի ժամանակ ծածկում էր բլուրը։ Բացի այդ, խորհրդային քարտեզագիրները գերեզմանոցը նշել են 1940-ականներից մինչեւ 1990թ. տեղագրական քարտեզներում։ Այվազյանը գրանցել է մոտ 1 000 տապանաքար իր դաշտային աշխատանքների ժամանակ, որոնք կատարել է 1964-1987թթ., դրանցից մոտ 400-ը հայերեն տապանագրեր են ունեցել։ Բայց 2005թ. արբանյակային լուսանկարում երեւում է միայն մեկ բեռնատար գերեզմանոցի հարթեցված տեղանքում։ Հենց նոր բուլդոզերներով մաքրված գերեզմանատունն այժմ տրավմաների, բռնության եւ ատելության սպիներ է կրում։

1997-2000թթ. շրջանում 17-րդ դարի հայկական սրբատեղի Սբ Հովհաննես եկեղեցին Բերդակում ոչնչացվել է, եւ 2019թ. դրա տեղում կառուցվել է Ալլահշուքյուր մզկիթը։ Վերականգնման նման դրվագները նշանակում են ոչ միայն ժառանգության յուրացում, այլեւ այդ ժառանգության հանդեպ բռնության ընդլայնում, որպեսզի վերացնեն անգամ ուրվականային դատարկությունը, որը հետապնդում է դատարկված տեղերին։

Ապշեցուցիչ են նաեւ բազմաթիվ դեպքերը, երբ բուլդոզերները գնացել են լքված եւ կիսաքանդ գյուղեր, որպեսզի վիրաբուժական ճանապարհով վերացնեն հայկական մշակութային ժառանգության հուշարձանը։ Օրինակ, Ներքին Անկուզիկ հեռավոր գյուղը վաղուց դատարկված էր, երբ բուլդոզերները եկել էին մեկ նպատակով՝ վերացնելու հայկական եկեղեցին։ 11 կամ 12-րդ դարում կառուցված եկեղեցին 1970-ականներին վատ էր պահպանվել՝ ըստ KH-9 Hexagon-ի գաղտնազերծված լուսանկարների եւ Այվազյանի՝ բազիլիկայի մասին փաստաթղթերի։ Բայց 2001-2009թթ. արանքում, մի ինչ-որ ժամանակ, մնացած պատերը ոչնչացվել են, հիմքը քանդվել է, եւ կառույցի մասին բոլոր հիշատակությունները վերացվել են։

Պատմության վերանայման այս բյուրոկրատական ծրագրում չեն անտեսվել անգամ ավերակները։

Մեր հաջորդ աշխատանքը ժառանգության դատական փորձաքննության վերաբերյալ նվիրված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական օբյեկտների նկատմամբ վերաբերմունքին, երբ դրանք գտնվում էին Հայաստանի կառավարման ներքո։ Ի տարբերություն Նախիջեւանի՝ մենք առայժմ ոչ մի ապացույց չենք գտել, որ հայկական վերահսկողության 30 տարիների ընթացքում մշակութային ոչնչացման կենտրոնացված համակարգային ծրագիր է եղել։ Դրանք իսկապես մատնանշում են, որ Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն եղել պաշտպանել մզկիթները, դամբարանները եւ պատմական գերեզմանատները։

Տարածաշրջանի ադրբեջանական ժառանգությունը կորուստներ է կրել վանդալիզմի, պղծման, նյութերի հափշտակման, իսկ որոշ դեպքերում՝ լրիվ ոչնչացման պատճառով։ Բայց շատ շրջաններում հուշարձանները մնացել են անձեռնմխելի։ Սակայն տարբերությունը անհաջող կառավարման եւ անխիղճ պետական ծրագրի միջեւ, որն ուղղված է այն բանին, որ ջնջվի հիշողությունը հակառակորդի մասին, ցույց է տալիս երկու միանգամայն տարբեր մոտեցում ժառանգության քաղաքականության հանդեպ։

2020թ. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո CHW-ը հետեւում է Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության հուշարձաններին։ Հրադադարը ադրբեջանական վարչակազմին է հանձնել հարյուրավոր հայկական վանքեր, եկեղեցիներ, ժամատներ եւ գերեզմանատներ։ CHW-ը սկսել է արբանյակներին հանձնարարել՝ ստանալ պատկերներ այն վայրերից, որոնք մենք եւ բազմաթիվ այլ գիտնականներ համարել են վտանգված։

Մենք չէինք սխալվել։ 2021թ. ապրիլից մենք փաստագրել ենք վեց ավերված օբյեկտ, յոթ վնասված եւ լուրջ սպառնալիքի տակ հայտնված 17 օբյեկտ։

Մեր հաշվետվությունները 2021թ. որպես ապացույցներ ներկայացվել են Միջազգային դատարան (ՄԴ) այն հայցով, որը Հայաստանը նեկայացրել է Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի  դրույթներին համապատասխան։ Դիտարկվող գործում, այլ հարցերի շարքում, Հայաստանը խնդրել է դատարանին ժամանակավոր միջոց կիրառել, որպեսզի Ադրբեջանից պահանջվի պաշտպանել իր հսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությունը։

2021թ. դեկտեմբերին դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ վանդալիզմի եւ հայկական մշակութային ժառանգության պղծման ակտերը կանխելու եւ պատժելու համար»։ Սա կարեւոր հաղթանակ էր ժառանգության պահպանման համար։

Բայց 2022թ. ամռանը մենք փաստագրեցինք մի ինչ-որ նոր բան։ Մեր ուսումնասիրությունը վեր հանեց Մոխրենես/Սուսանլիկ գյուղի հայկական Սբ Սարգիս եկեղեցու (18 կամ 19-րդ դարեր) լիակատար ոչնչացումը։ Սբ Սարգիս եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի որոշման՝ մեր հայտնաբերած առաջին լուրջ խախտումն է։ Ներկայում պարզ չէ՝ արդյո՞ք սա եզակի դեպք է, խախտումների համակարգ, թե՞ փորձ՝ պարզելու, թե արդյոք այն գրավում է միջազգային հանրության ուշադրությունը։

Համենայն դեպս, կենսականորեն կարեւոր է, որպեսզի գլոբալ ժառանգության հաստատությունները հասկանան, որ երբ ժառանգության ոչնչացման թիրախներն ընտրվում են էթնիկական ատելության պատճառով, ժառանգության պաշտպանությունն այս համատեքստում անբաժանելի է  ռասայական արդարության համար պայքարից։ Մեղավորներին պատասխանատվության ենթարկելը եւ ավերումների ապագա ակտերի զսպումը կպահանջեն նոր մոտեցումներ եւ նոր համագործակցություն։

Նախիջեւանում հայկական ժառանգության ոչնչացումն առաջին պլան է մղում մշակութային ջնջման կործանարար նոր մոդելը։ Առաջնորդվելով բացառապես քաղաքական գաղափարախոսությամբ՝ այն ժառանգության ոչնչացումը ներառում է պետության քաղաքականության մեջ։

Բայց մեր հաշվետվությունը նաեւ ցույց է տալիս պետության կողմից աջակցվող պատմական ռեւիզիոնիզմի փխրունությունը։ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ Նախիջեւանում երբեք հայեր չեն եղել, ուստի չկա ոչ մի ժառանգություն եւ, հետեւաբար, ոչ մի մշակութային ոչնչացում չի կատարվել։ Արբանյակային լուսանկարահանման տասնամյակները, ինչպես նաեւ այնպիսի հայ գիտնականների պատմական եւ ազգագրական փաստաթղթերը, ինչպիսին է Այվազյանը, հեշտությամբ մերկացնում են այս պաշտոնական հորինվածքը։

Ժառանգության պաշտպանության ավանդական գլոբալ ինստիտուտներն այնքան էլ հարմար չեն պետության կողմից աջակցվող մշակութային ոչնչացմանը դիմակայելուն։ ՅՈւՆԵՍԿՕ-ն ստեղծվել է որպես գործիք, որը ծառայելու է ՄԱԿ-ի պայմանագրերն ընդունած երկրների շահերին։ Արդյունքում՝ նա այն պետություններին կարգապահության կոչելու քիչ լծակներ ունի, որոնք ձգտում են ոչնչացնել մշակութային ժառանգությունն իրենց տարածքային սահմաններում։ Չնայած ՄՔԴ-ի միջամտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը ժառանգության պաշտպանության երկար սպասված նոր միջոց էր, այն նույնպես միջպետական դատական պրակտիկայի մարմին է։ 

  • Կիսվել: