շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱԷՄԳ-ն նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Գրոսի

ԱԷՄԳ-ն նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նոր տվյալներ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, քանի որ պաշտոնական Թեհրանը կասեցրել է համագործակցությունն իրենց կազմակերպության հետ: Այս մասին ասված է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի եռամսյակային զեկույցում, տեղեկացնում է Bloomberg-ը:

Գրոսին, մասնավորապես, ասել է. «ԱԷՄԳ-ը ներկայում հասանելիություն չունի Իրանում միջուկային նյութերի պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը»:

Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ն չի կարողանա ապացույցներ ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ հայտարարության մասին՝ առանց Իրանում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի լիարժեք վերականգնման: Այդ համաձայնագրի շրջանակներում էր իրականացվում գործակալության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ։

Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը քվեարկել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցության ժամանակավոր դադարեցման մասին օրինագծի օգտին։ Դրան նախորդել էին ԱՄՆ և Իսրայելի գրոհները Իրանի նկատմամբ, որոնց հայտարարված նպատակն էր իրանական միջուկային ծրագրի ոչնչացումը:

Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ստորագրել էր ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության կասեցման մասին օրենքը:

Իսկ արդեն երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից:

  • Կիսվել: