կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
«Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Բայրամով

«Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020թ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում եղել է առանցքային․

«Արդյունքը 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ համաձայնագիրն էր»,- ասել է նա «Իզվեստիա»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ 2020-22թթ․ ետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում ռուսական կողմի մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ 

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն հայկական կողմի՝ տասնամյակներով թելադրած «բոլոր անհիմն պահանջները» պետք է ամբողջությամբ վերացվեն. «Դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևերով»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային խնդրին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ գործընթացն ավարտին հասցնելու հիմնական խոչընդոտն այն է, որ «Հայաստանի անկախության ակտը և երկրի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ», ինչն անընդունելի է Ադրբեջանի համար։

Բայրամովը նաև ընդգծել է, որ իրենց համար ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել, և մեղադրել է Հայաստանին դրան համաձայնություն չտալու մեջ։

  • Կիսվել: