Ադրբեջանը մտադիր է վերսկսել Բաքու-Սուփսա նավթամուղի շահագործումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները նախատեսում են վերսկսել Բաքու-Սուփսա նավթամուղի շահագործումը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Խողովակաշարը նախատեսված է Կասպից ծովի նավթը Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի տերմինալից վրացական Սուփսա նավահանգիստ փոխադրելու համար, որը գտնվում է Սև ծովի ափին: Խողովակաշարի պաշտոնական հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել 1999 թվականի ապրիլի 17-ին։
«Հաջորդ տարի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը կաճի: Դրա հետ մեկտեղ մենք ցանկանում ենք օգտագործել Բաքու-Սուփսա նավթամուղը, որը ներկայումս չի շահագործվում», – հայտարարել է Ալիևը:
Բաքու-Սուփսա խողովակաշարի թողունակությունը կազմում է տարեկան ավելի քան 7 միլիոն տոննա նավթ (օրական 145 հազար բարել):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքու-Սուփսա խողովակաշարով նավթի մղումը դադարեցվել է 2022 թվականի գարնանից՝ Սուփսայում առաքման համապատասխան հայտերի բացակայության պատճառով։



