կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիացի պատգամավոր

Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիացի պատգամավոր

Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։
 
«Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։
 
Իր հերթին Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիե ասել է.
«Առանձնահատուկ տագնապալի են Հայաստանից մեզ հասած լուրերը։ Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»։
 
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն էլ նշել է. «2020 թվականի սցենարը կկրկնվի։ Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններով Սյունիքում և այլուր ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք»։

Նշենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

  • Կիսվել: