ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովը ղեկավարել վարչապետի մակարդակով, համաձայնել են. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովը ղեկավարել վարչապետի մակարդակով, համաձայնել են. Բայրամով

Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողով։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ.

«Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը կայացել է երկու հեռախոսազրույց իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև, որոնց ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, լինի վարչապետի մակարդակով։ Դեռևս առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։ Կողմերի միջև հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է նախարարը։

Նա հայտնել է, որ, օրինակ, կետերից մեկում նշվում է, որ ադրբեջանական կողմը ՀՀ-ին փետրվարի 21-ի բազային առաջարկությունները ներկայացրել է մարտին։

«Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին հարկավոր է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, նշանակում է՝ հենց այդ օրն էլ ներկայացրել է։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի Ադրբեջանից։ Եվ որ դեռևս 1992-ին, երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ առումով Ադրբեջանի առաջարկի կրկնությունն է»,-ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ հաջորդ կետով կրաևորվում է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կարևորությունը։

«Սա ևս հարց չի առաջացնում։ Կան փաստաթղթեր և, բնականաբար, դրանք պետք է կատարվեն։ Մյուս կետն այն է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների և դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բանակցությունների կազմակերպման համար։ Դա տեղի է ունենում այն պահին, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՄԽ համանախագահների միջև ոչ մի կապ չկա, և կարելի է ասել, որ այդ խումբը կաթվածահար է։ Ես թվարկեցի այդ 6 կետից 4-ը։ Հիմա ինքներդ եզրակացրեք՝ որքանո՞վ դրանք կարելի է առաջարկներ համարել։ Հայկական կողմը ևս դրանք առաջարկներ չի անվանել, այլ արձագանք՝ Ադրբեջանի առաջարկներին։

Դուք գիտեք Ադրբեջանի դիրքորոշումը։ Հրապարակվել են դրա հիմքը կազմող սկզբունքները։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնում շարունակելու բանակցություններն այդ հիմնարար սկզբունքների հիման վրա և աշխատել խաղաղ պայմանագրի վրա»։

  • Կիսվել: