Ադրբեջանը 2023-ի պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ երկրի իշխանությունները 2023թ. պետբյուջեի պարամետրերը վերանայել եւ որոշել են ավելացնել պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։
«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգային ձեւով եւ շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը, առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում կմտցվեն լրացումներ, լրացուցիչ ծախսերի զգալի մասը նորից կնախատեսվի պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Ավելանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, եւ մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիեւը չորեքշաբթի ժողովրդին հղած ուղերձում։
Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական բանակը մտնում է աշխարհի ամենաուժեղ բանակների շարքը։
«Ադրբեջանական բանակը ինչպես սպառազինությամբ, այնպես էլ մարտունակությամբ աշխարհի ամենաուժեղ բանակների թվում է։ Մեր բանակը պայքարել է, ցուցադրել իր ուժը ոչ թե շքերթում, այլ մարտադաշտում։ Այսպիսին է մեր բանակը։ Բանակաշինությունն այսօր էլ ապահովվում է պատշաճ մակարդակով, կապահովվի նաեւ այսուհետ»,- ընդգծել է Ալիեւը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը: