երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:

Նշվում է, որ «հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն»։

Ասվել է նաև, որ «Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է», փոխանցում է tert.am-ը։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։
 
Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։
 
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։

  • Կիսվել: