շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին․ Համատեղ հայտարարություն՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին․ Համատեղ հայտարարություն՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

1. Ուղիղ խոսվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։

2. Հիշեցվում է, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի սահմանները դեռեւս մայիսի 12-ին։

3. Հիշատակվում Ադրբեջանում պահվող եւ վերջերս գերեվարված հայ ռազմագերիների հարցը։

4. Շեշտվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարեւորությունը։

5. Խոսվում է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից ստեղծված խոչընդոտների անթույլատրելիության մասին։

Հայտարարությունում ասված է․

«Մենք լրջորեն անհանգստացած ենք երեկվա ծանր մարտերով, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության աճին: Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունը համարվում է այսօրվա դրությամբ հրադադարի մասին անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համաձայնագրի վատագույն խախտումը, ինչի հետևանքով զոհվածների, վիրավորների և գերեվարված զինվորների թիվը դեռևս չի հաստատվել:

Մենք իրավիճակի արագ լիցքաթափման կոչ ենք անում և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությունն ու Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին հաղորդագրությունը: Կրկին հայտարարում ենք, որ սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի բանակցությունների միջոցով սահմանազատման և սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։ Դատապարտում ենք «սահմանազատման» ցանկացած փորձ, ինչպես դա նկատվում է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո։

Մենք նաև ցավում ենք, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևին, հակամարտության հետ կապված՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող բազմաթիվ հայեր դեռ ազատ չեն արձակվել, և այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին։ Մենք նաև կրկնում ենք մեր կոչը՝ փոխանակել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտությունների շրջաններ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած խնդիր լուծել բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացի շրջանակներում»։

  • Կիսվել: