Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն է դիմել տնային կալանքի տակ գտնվող քաղաքացի՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով չի կարող անձամբ ներկայանալ փոստային բաժանմունք՝ նամակ ուղարկելու համար։
Քաղաքացին նշել է, որ փորձել է հեռախոսազանգի միջոցով կազմակերպել նամակի առաքումը, սակայն խնդիրը լուծում չի ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պատասխանատու ստորաբաժանման հետ՝ խնդրի լուծման հնարավորությունները քննարկելու նպատակով։
Պարզվել է, որ քաղաքացու նկատմամբ նախկինում կիրառվել են նամակագրության սահմանափակումներ, որոնք հետագայում դատարանի որոշմամբ վերացվել են։ Միաժամանակ, տնային կալանքի պայմաններում քաղաքացին շարունակում էր զրկված լինել նամակը փոստային բաժանմունք ներկայացնելու հնարավորությունից։
Պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակները, ինչի արդյունքում հստակեցվել է, որ տվյալ դեպքում նամակի ուղարկումը հնարավոր է կազմակերպել գրավոր լիազորագրի հիման վրա։
Ստացված պարզաբանումները ներկայացվել են քաղաքացուն, ինչի արդյունքում վերջինս կարողացել է կազմակերպել իր նամակագրության իրավունքի իրացումը։
Քաղաքացին հետադարձ կապով շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ իր նամակագրության իրավունքի իրացմանն աջակցելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր մանդատի շրջանակում աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրացմանը՝ պետական և այլ իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նպաստելով բարձրացված խնդիրների հնարավորինս արագ և արդյունավետ լուծմանը։


