երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանական ընդդիմությունը  հանրահավաք կանցկացնի  ԼՂ-ից  ռուս զինվորականների դուրսբերման և մի շարք այլ պահանջներով

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի ԼՂ-ից  ռուս զինվորականների դուրսբերման և մի շարք այլ պահանջներով

Ադրբեջանի ընդդիմությունը քննարկումներից հետո որոշել է ապրիլի 21-ին հանրահավաք անցկացնել։ Ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հանրահավաքը նշանակել է ապրիլի 21-ին։

Ակցիան իրականացվում է քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, ԼՂ-ից  ռուս զինվորականների դուրսբերման, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման պահանջներով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանրահավաքի անցկացման կազմկոմիտեն այսօր Բաքվի գործադիր իշխանությանն է ուղարկել ակցիայի անցկացման ծանուցումը։ Ակնկալվում է, որ հանրահավաքը կանցկացվի ապրիլի 21-ին ժամը 15.00-17.00 երեք վայրերից մեկում՝ մետրոյի «Մայիսի 28-ի» կայարանի դիմացի հրապարակում, մետրոյի «Նարիմանովի» կայարանի դիմացի հրապարակում կամ «Մեհսուլ» մարզադաշտում։ Ադրբեջանի ընդդիմության վերջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 19-ին «Մեհսուլ» մարզադաշտում։ Այնուհետև կորոնավիրուսի  համավարակի սկսվելուց հետո հավաքներն արգելվել են, անցկացվող փոքր բողոքի ցույցերը՝ ճնշվել ոստիկանության կողմից։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն օրերս է հայտարարություն տարածել երկրում իշխանությունների կողմից իրականացվող  բռնաճնշումների վերաբերյալ։ Ընդդիմադիր կուսակցությունը միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին կոչ էր ուղղել առաջնահերթ ուշադրություն դարձնել քաղբանտարկյալների ազատությանը և Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրականացմանը երկրի կառավարության հետ շփումներում և պատժամիջոցներ սահմանել նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի  նկատմամբ։

  • Կիսվել: