ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական բանակում վարակի տարածման մասին լուրեր են պտտվում. ադրբեջանագետ

Ադրբեջանական բանակում վարակի տարածման մասին լուրեր են պտտվում. ադրբեջանագետ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ ադրբեջանցիները սոցիալական կայքերում խոսում են երկրի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման մասին։ 

Նա, մաասնավորապես, նշեց, որ Ադրբեջանում այսօրվա դրությամբ պաշտոնապես նշվում է 1645 հաստատված դեպքի, 21 մահի և 1139 բուժվածի մասին։ «Ադրբեջանական բանակում վարակի տարածման մասին լուրեր են պտտվում, որոնց մասին ես անձամբ տեղեկատվություն չունեմ։ Այդ մասին խոսվում է սոցիալական կայքերում»,-նշեց նա:

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանում ապրիլի 27-ից նախատեսվում է որոշակիորեն թուլացնել տնտեսության համար առկա սահմանափակումները։ Նա ասաց, որ Ադրբեջանում 70-90 մլն դոլար են օրական ծախսում այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար։ Իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև նավթի գների տատանումը։ Բազմաթիվ խոշոր ընկերություններ են հայտնել փակվելու ու սնանկ լինելու մասին։ Տնտեսական առկա իրավիճակը հարկադրում է փոքր-ինչ մեղմացնել կարանտինային ռեժիմն ու փորձել վերադառնալ բնականոն կյանքին:

Պատգամավորը նշեց նաև, որ Ադրբեջանում դժգոհություն կա՝ իշխանությունների ու կառավարության կողմից սոցիալական աջակցության պատշաճ ծրագրեր չիրականացնելու պատճառով։

  • Կիսվել: