կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադենի ծոցում հութիների հարձակմանը ենթարկված նավը կարող է խորտակվել

Ադենի ծոցում հութիների հարձակմանը ենթարկված նավը կարող է խորտակվել

Բրիտանական Rubymar նավը, որն Ադենի ծոցում ենթարկվել է եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիներ) հարձակմանը, կարող է խորտակվել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Անսար Ալլահ»-ի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությունը։

Հութիների պնդմամբ՝ նավը «լուրջ վնասվածքներ» է ստացել և ամբողջությամբ դադարեցրել շարժումը։ Հութիները հնարավոր են համարում, որ Rubymar-ը կարող է ջրասույզ լինել:

Սարիան հայտնել է, որ նավը բրիտանական է, անձնակազմին վտանգ չի սպառնում։ Նա հավելել է, որ հութիները նաև ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել Հոդեյդայում։

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և նրա հետ կապված նավերին թույլ չի տալու  անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարի: Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում:

  • Կիսվել: