շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին՝ Իտալիայի Սենատի անդամ․ հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին՝ Իտալիայի Սենատի անդամ․ հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են աջ կոալիցիայի հաղթանակով, որը բավականաչափ ձայներ է հավաքել խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։ Այս մասին վկայում են երկրի ՆԳՆ-ի տվյալները։

Աջակենտրոն ուժերի կոալիցիան, որը միավորում է «Իտալիայի եղբայրներ», «Լիգա», «Առաջ, Իտալիա» և «Մենք՝ չափավորներս» կուսակցությունները, ստացել է ընտրողների ձայների 44 տոկոսից ավելին։ Ընդ որում, առաջին անգամ երկրի առաջատար քաղաքական ուժն է դառնում «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը՝ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ (26 տոկոսից ավելի)։

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցույթունը հավաքել է ձայների շուրջ 8 տոկոսը։ Բեռլուսկոնին ընտրվել է Սենատի անդամ, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի ՆԳՆ հրապարակած վերջնական տվյալները։

85-ամյա քաղաքական գործիչը հաղթել է Մոնցայի (Լոմբարդիայի շրջան) միամանդատ ընտրատարածքում՝ հավաքելով ձայների մեծամասնությունը։ Չի բացառվում, որ նա դառնա Սենատի նախագահ։ Այս պաշտոնը նախագահի պաշտոնից հետո երկրորդն է իշխանության հիերարխիայում։

Բեռլուսկոնին Սենատից հեռացվել էր 2013 թվականին՝ դատական ատյաններում խարդախության գործով դատավճռի վերջնական հաստատումից հետո։ Այդ դատավճիռը նրան թույլ չէր տալիս մի քանի տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնել և առաջադրվել ընտրություններին։ 2019 թվականին նախկին վարչապետը դարձավ Եվրախորհրդարանի անդամ, որից այժմ կհեռանա։ Սեպտեմբերի 29-ին Բեռլուսկոնին կդառնա 86 տարեկան։

  • Կիսվել: