10 զոհ, 32 վիրավոր. Պակիստանում ահաբեկչություն է տեղի ունեցել
Պակիստանի Քվետա քաղաքի Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու գտնվող բանուկ փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 32-ը: Այս մասին Dawn հրատարակությանը հայտնել է Պակիստանի Բելուջիստան մարզի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Քակարը։
Նախարարը, մասնավորապես, ասել է. «Պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ, 32-ը վիրավորվել է։ Տուժածները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց և վնասվածքաբանության կենտրոն»։
Քվետայի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամադ Բալոչի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատ ավտոմեքենան Մոդել Թաունից թեքվել է դեպի Հալի Ռոուդ՝ Սահմանապահ կորպուսի կենտրոնակայանից ոչ հեռու։
Բելուջիստան մարզի գլխավոր նախարար Միր Սարֆրազ Բուգտին խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես ահաբեկչական ակտ։ Նա իր թվիթերյան էջում գրել է. «Միջադեպից հետո անվտանգության ուժերն օպերատիվորեն և արդյունավետորեն արձագանքել են՝ վերացնելով չորս ահաբեկչի»։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին էլ հայտարարել է, որ դա մահապարտի կողմից իրականացված ահաբեկչական ակտ էր:
«Նախագահը խստորեն դատապարտել է Քվետայում «Ֆիթնա ալ Խավարիջ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը», - ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշենք, որ «Ֆիթնա ալ Խավարիջ»-ը տերմին է, որը Պակիստանում օգտագործվում է արգելված «Թեհրիքի Թալիբան Պակիստան» շարժմանը պատկանող ահաբեկիչներին նշելու համար։


