կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զբոսաշրջիկների թվի աճի տեմպերով Հայաստանն աշխարհում 6-րդն է․ Կոմիտեի նախագահը՝ ձեռքբերումների և անելիքների մասին

Զբոսաշրջիկների թվի աճի տեմպերով Հայաստանն աշխարհում 6-րդն է․ Կոմիտեի նախագահը՝ ձեռքբերումների և անելիքների մասին

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը չի բացառում, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեվերջին կարող է ավելանալ ևս 100-150 հազարով։

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում  նա նշեց, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստան այցելած 2 միլիոն 200 հազար զբոսաշրջիկների մեծ մասը եղել են Ռուսաստանից, Վրաստանից ու  Իրանից են․ այս երկրներն այդ առումով վերջին 10 տարիների ընթացքում շարունակում են մնալ առաջին եռյակում։

«Շատ են գալիս սփյուռքահայեր ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են լինել առաջին տասնյակում։ Նաև տեսնում ենք, որ աստիճանաբար Չինաստանն էլ է բարձրանում այդ ցանկում, որն արդեն 9-րդն է։ Երբ համեմատում ենք առաջին 11 ամսվա այդ թվերն անցյալ տարվա հետ, մոտավորապես ունենք 42 տոկոս աճ, իսկ 2019 թվականի համեմատ՝ 21 տոկոս։ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության սանդղակով Հայաստանը, համեմատած 2019 թվականի հետ, աշխարհում 6-րդն է աճի տեմպերով»,- մանրամասնեց Պօղոսեանը։

Նրա խոսքով՝ ներկայում  զբոսաշրջիկների այցելության բավականին մեծ ցուցանիշներ կան նաև Հնդկաստանից, որի քաղաքացիները ավելի շատ գալիս են Դուբայից։

«Նրանք այնտեղ ռեզիդենտներ են և կարճ ժամկետով, վիզայի հետ կապված, երբ երկրից դուրս են գալիս, բացահայտում են նաև հետաքրքիր ուղղություններ։ Մենք շատ մոտ ենք՝ երեք ժամ տևողությամբ ուղիղ թռիչք ունենք, և նրանց համար հետաքրքիր և ավելի հեշտ ուղղություն է նաև Հայաստանը։ Նրանք ձմռանն ավելի շատ են գալիս, որովհետև ձմեռային տուրիզմով շատ են հետաքրքրված»,-ասաց Կոմիտեի ղեկավարը՝ կարևորելով այդ հանգամանքը, որն օգնում է փոքր-ինչ հավասարակշռություն ստեղծել, քանի որ ամռանը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է, քան ձմռանը։

«Անցյալ տարվանից  մենք օգտագործում ենք «Հայաստանը որպես թաքնված ուղի» բրենդը՝ 4 ուղղություններով թիրախային շուկաներում ներկայացնելով մեր մշակույթը, բնությունը, արկածային տուրիզմը, ինչպես նաև  խոհանոցը և գինին։ Այս տարի բավականին մարքեթինգային ծրագրեր են իրականացվել թիրախային շուկաներում, որը բավականին օգնել է այդ ցուցանիշները ապահովելու հարցում»,-պարզաբանեց նա։

Անդրադառնալով մոտեցող տարվա անելիքներին՝ Պօղոսեանը նախ տեղեկացրեց, որ 2024 թվականին մարքեթինգային ծրագրերի բյուջեն 50 տոկոսով ավելի մեծ կլինի։

Ըստ նրա՝ կիրականացվեն նոր գործառույթներ, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում է լինելու  MICE-տուրիզմի ուղղությունը  (Meetings,  Incentives, Conferences), որը ներառում է գործնական հանդիպումներ, մոտիվացնող տուրեր աշխատողների համար, գործարար համաժողովներ և այլն։

Նախատեսվում է նաև զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված կրթական ծրագիր, որի շրջանակներում սովորողներ կուղարկվեն արտասահմանյան համապատասխան դպրոցներ։ Ներկայում դիտարկվում է  ոլորտում մասնագիտացած եվրոպական կազմակերպություններից մեկի՝ Իսպանիայում գտնվող դպրոցը։

Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվելիք մեծ միջոցառումներից  է լինելու ՄԱԿ ԶՀԿ-ի Միջազգային գինու տուրիզմի կոնֆերանսը Հայաստանում։

«Դա շատ կարևոր է, որովհետև մենք շատ բան ունենք ասելու գինու թեմայի շրջանակներում, քանի որ ունենք գինու պատրաստման ամենահին քարանձավը Հայաստանում։ Այդ ոլորտը շատ արագ զարգանում է մեզ մոտ։ Պետք է Հայաստանը դիրքավորենք որպես գինու ուղղություն, և այս համաժողովը կօգնի, որ կարողանանք մեր երկիրն ամբողջովին ներկայացնել միջազգային շուկայում»,-ասաց Պօղոսեանը՝ ավելացնելով, որ Հայաստանի գրավչությունները ներկայացնելու տեսանկյունից մշտական թիրախային երկրները  եղել և մնում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ինչպես նաև Ֆրանսիան Գերմանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Բացի այդ, նախատեսվում է զարգացնել Իտալիայի ուղղությունը, քանի որ Հայաստանից  երեք ուղիղ թռիչք կա դեպի այդ երկիր։ Քննարկվում է նաև մյուս տարի Ճապոնիայում համապատասխան աշխատանքների իրականացումը։

Այդ համատեքստում Զբոսաշրջության կոմիտեի նախագահը կարևորեց 2025 թվականին Օսակայում նախատեսվող  6-ամսյա միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը կունենա իր  տաղավարը՝ ներկայացնելով ոչ միայն զբոսաշրջության ոլորտը, այլ  ամբողջ երկիրը։

Աշխատանքներ կիրականացվեն նաև Հնդկաստանի ուղղությամբ։ Պօղօսեանի համոզմամբ՝ Հայաստան-Հնդկաստան ուղիղ թռիչքները, որոնք 2024-ին մեկնարկելու մասին խոսակցություններ են շրջանառվում, զբոսաշրջիկների բավականին հոսք կապահովի։

Համաշխարհային բանկի հետ 41 ծրագիր է իրականացվում, որոնցից  21-ն ավարտվում են այս տարի։

Համաշխարհային բանկի հետ կիրագործվի Հայաստանում 20 նոր կլաստերների ստեղծման ծրագիրը, որի արդյունքում կավելանան հետաքրքիր նոր վայրեր։ Առաջին 4-ի աշխատանքները՝ Արենիում, Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, կմեկնարկեն 2024 թվականին։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, խոսելով Հայաստանում զբոսաշրջիկների գիշերակացի տևողության, ծախսած գումարի ցուցանիշների մասին, իրազեկեց, որ այդ ուղղությամբ հետազոտություն է իրականացվում, որի ավարտը նախատեսված է գալիք տարվա հունվարին։

Այդուհանդերձ, Պօղօսեանը նկատում է, որ ըստ հետազոտության նախնական տվյալների՝ 10 տարի առաջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում գերակշռում էին սփյուռքահայերը, բայց այժմ պատկերն ամբողջովին փոխվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանը՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն, հետաքրքրում է նաև օտարերկրացիներին։

  • Կիսվել: