շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զարգացման ֆրանսիական գործակալության ուշադրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են․ հանդիպում ՏԿԵ նախարարությունում

Զարգացման ֆրանսիական գործակալության ուշադրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են․ հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ղեկավար Վինսենթ Տանգիի գլխավորած պատվիրակությանը։
 
ԶՖԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավարությանը՝ իրենց այցը Սյունիքի մարզ պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
 
Նա ընդգծել է, որ ֆրանսիական կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ Սյունիքի նախնական ուսումնասիրության փուլն արագ ավարտին հասցնելու համար։ Կազմակերպությունը նախկինում ջրամբարաշինության հարցում զգալի ավանդ է ունեցել Վեդիում, այժմ ԶՖԳ-ի հետաքրքրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են։
 
ՏԿԵ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԶՖԳ պատվիրակությանը՝ ցուցաբերած հետաքրքրության համար։ Նա ընդգծել է, որ դիմակայության և խոցելիության տեսանկյունից Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն, ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ գյուղատնտեսության, շուկայի տեսանկյունից ուշադրության արժանի է նաև Մեղրին։
 
ԶՖԳ պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կա հստակ ցանկություն՝ գործընթացն ավելի արագ իրականացնելու համար։
 
Այժմ Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ծրագրի համար դրամաշնորհը հնարավորինս արագ հատկացնելու հարցը։
 
ՏԿԵ փոխնախարարն ավելացրել է, որ որքան էլ կարևոր է ոռոգման ջրի հետ կապված հարցերի լուծումը, ցանկալի կլիներ համագործակցությունը նաև խմելու ջրի հարցում զարգացնելու հեռանկարը, հատկապես որ կա նման գործակցության արդյունավետ նախադեպ։

  • Կիսվել: