երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զանգեզուրի կոմբինատի նախկին բաժնետեր Տրոցենկոն վաճառել է AEON հոլդինգային խմբում բաժնետոմսերի 69%-ը

Զանգեզուրի կոմբինատի նախկին բաժնետեր Տրոցենկոն վաճառել է AEON հոլդինգային խմբում բաժնետոմսերի 69%-ը

Գործարար Ռոման Տրոցենկոն վաճառել է «АЕОН ենթակառուցվածքային կորպորացիայում» իր բաժնետոմսերի 69 տոկոսը, РБК-ին հայտնել են ընկերությունից։

Տրոցենկոյի բաժնետոմսերի 36 տոկոսը գնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Միրոնենկոն, 33 տոկոսը՝ հոլդինգի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսանդր Օրեխովը։ Հենց նա էլ կստանձնի АЕОН-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Գործարքից հետո Տրոցենկոյի մասնաբաժինը ընկերությունում 31 տոկոս է կազմում, նա դուրս կգա ընկերության տնօրենների խորհրդի կազմից։

Ինչպես պարզաբանել են «АЕОН ենթակառուցվածքային կորպորացիայից», Տրոցենկոն կրճատել է իր մաասնաբաժինը ընկերությունում և հեռացել գործառնական կառավարումից՝ «քաղաքային միջավայրի զարգացման և կրթության ոլորտում բարեգործական ծրագրերի վրա կենտրոնանալու ցանկության պատճառով»։

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ-ն  ունի նոր բաժնետեր՝ ի դեմս  կրեմլամերձ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող   Ռոման Տրոցենկոյի։ Պարզվեց՝ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։  Պատճառն ու պայմաններն առ այսօր հայտնի չեն, համենայն դեպս պաշտոնապես որևէ պարզաբանում չի տրվել, թե ՀՀ թիվ մեկ հարկատուն ինչպես հայտնվեց կրեմլամերձ միլիարդատիրոջ մոտ ու ինչու նա բաժնետոմսերը նվիրեց Փաշինյանի կառավարությանը։

Նշենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաև նոր գործարարներ, այդ թվում՝ Տրոցենկոն։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի հիմնական փաստաթղթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պետդեպարտամենտը  նրան ներառել է սև ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ոլորտում աշխատանքի կամ նախկին աշխատանքի պատճառով։ Բացի այդ, Պետդեպարտամենտը ցուցակում է ներառել անձնական ակտիվների և ներդրումային գործիքների ցանցը, որն օգտագործվում է Տրոցենկո ընտանիքի կողմից: Փաստաթղթերում նշվում է, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

  • Կիսվել: