ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ը Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում

ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ը Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում

ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ն Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում, որի նպատակը Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է, ինչի մասին այսօր հայտարարել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ):
 
Երկու հաստատությունները ստորագրեցին սոցիալական պարտատոմս ստեղծելու մտադրության հուշագիր։ Սոցիալական պարտատոմսը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափելի սոցիալական արդյունքների հետ:
 
Սոցիալական պարտատոմսերը ներդրումներ են ապահովում՝ կանխարգելիչ միջամտությունները ֆինանսավորելու միջոցով սոցիալական խնդիրները լուծելու համար։ Սոցիալական արդյունքների բարելավումից հետո ներդրողներին վերադարձվում են իրենց նախնական ներդրումները՝ գումարած փոխհատուցում իրենց վերցրած ֆինանսական ռիսկերի համար։
 
Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը և այն ուղղված կլինի տեղական ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանն աջակցելուն: Սլովակիայի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում սոցիալական ֆինանսների ծառայություններին` հիմնվելով ՄԱԶԾ-ի կողմից պատրաստած իրագործելիության ուսումնասիրության արդյունքների վրա:
 
Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ն ընդհանուր նպատակ ունեն` նպաստել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը և տնտեսությունն առավել ներառական դարձնել: Այսօր մենք պաշտոնականացնում ենք մեր գործընկերությունը և օգտագործում մեր ուժերը՝ մասնավոր հատվածից ներդրումներ և գործողություններ ներգրավելու նպատակով: Ներառական և կայուն զարգացմանն աջակցելը Հայաստանում մեր առաջնահերթություններից մեկն է»:
 
Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ասել է. «ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրն առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների, այդ թվում` գյուղատնտեսության համար մասնավոր և պետական կապիտալի օգտագործման համար։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս գործընթացին»:
 
Նա նաև շնորհակալություն է հայտնել դոնորներին և գործընկերներին այս համատեղ նախաձեռնությունը հաջողակ դարձնելու ջանքերի համար:

  • Կիսվել: