երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրացական ո՞ր ընկերությունն է պատրաստվում ներգործել հայկական բենզինի շուկա

Վրացական ո՞ր ընկերությունն է պատրաստվում ներգործել հայկական բենզինի շուկա

Երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է գործարար Դավիդ Յակոբաշվիլին։ Վերջինս, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է իր կողմից ղեկավարվող վրացական Petrocas Energy Group ընկերության միջոցով գրավել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան:

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը մատնանշում է, որ այդ համատեքստում մամուլում մտավախություն է հայտնվում առ այն, որ Յակոբաշվիլին, լինելով ադրբեջանական Socar-ի գործընկերը, կարող է Հայաստան ադրբեջանական նավթամթերք արտահանել:

"Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:

Յակոբաշվիլիի ընկերության 49%-ը 2014 թ. ձեռք է բերել ՛՛Ռոսնեֆտը՛՛, ինչը շատ ցավոտ է ընկալվել թե վրացական ընդդիմության, թե ադրբեջանցիների կողմից: Վերջիններս առ այսօր դիտարկում են Petrocas-ը որպես վրացական շուկայում իրենց առանցքային մրցակցկի: Ուստի, դժվար է պատկերացնել, որ Յակոբաշվիլին կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել սեփական ընկերության մրցակցի համար:

Մյուս կողմից, հայտնի է, որ ՛՛Ռոսնֆետը՛՛ Հայաստանում ունի դուստր-ընկերություն՝ ՛՛Ռոսնեֆտ-Արմենիա՛՛: Ու եթե անգամ Petrocas-ը մտնի հայաստանյան նավթամթերքի շուկա, ապա դա կլինի ՛՛Ռոսնեֆտի՛՛ դիվերսիֆիկացիոն ռազմավարության դրսևորոում: Այս պարագայում Petrocas-ը, հավանաբար, կշարունակի կատարել տրանսպորտային-լոգիստիկ գործառույթը:

Միաժամանակ, ակնհայտ է, որ այս սցենարը հակասում է թե հայաստանյան գործող իշխանությունների, թե դրա մաս կազմող օլիգարխների շահերին: Վերջիններս, ինչպես գիտենք, բենզալցակայանների ցանց գնելով՝ երազում են ապաշրջափակման ու բենզինի ներկրման նոր ուղիների հաստատման մասին:

Պարզ է, սակայն, որ նման հարցերն արդեն վաղուց լուծվում են Հայաստանից դուրս", - գրում է փորձագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: