հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վերին Լարսից սկսել են օգտվել թուրքական բեռնատարները և ծանրաբեռնվածությունը եռապատկվել է. Փաշինյան

Վերին Լարսից սկսել են օգտվել թուրքական բեռնատարները և ծանրաբեռնվածությունը եռապատկվել է. Փաշինյան

Վերին Լարսի անցակետից սկսել են օգտվել թուրքական բեռները, դա է ծանրաբեռնվածության պատճառը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Վերին Լարսի անցակետում տիրող վիճակի մասին հարցին։

«Վերին Լարսի անցակետում ահավոր վիճակ է, չկա ոչ մի առավելություն Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակը եկող հայկական մեքենաների համար։ Պատճառը ոչ եղանակային պայմաններն են, ոչ էլ կարանտինը, մինչև 9 օր կանգնած մեքենաներ կան,»,- հարցրել էր օգտատերը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Վերին Լարսի անցակետում իրավիճակը կապված է և եղանակի, և կարանտինի հետ: Բավականին երկար ժամանակ եղանակային պայմանների  պատճառով Վերին Լարսը փակ էր։

Ինչ վերաբերում է ճգնաժամին, ապա մենք ինքներս էլ օտարերկրյա վարորդների շարժը, բեռների շարժ մեր երկրով որոշակիորեն սահմանափակել ենք՝ կորոնավիրուսի համաճարակը կանխարգելելու նպատակով, նույնը տեղի է ունենում նաև Վրաստանում, Ռուսաստանում: Հիմա ինչ-ինչ հանգամանքների բերումով Վերին Լարսից սկսել են օգտվել բազմաթիվ թուրքական բեռնատարներ և սովորական ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է։ Սա էլի կապված է ճգնաժամի հետ, քանի որ նավահանգիստներում սահմանափակումներն ավելի խիստ են, փակվել է Թուրքիա-Իրան սահմանը, Թուրքիա-Նախիջևան սահմանի մի հատվածը, նաև այս սահմանափակումներով է բացատրվում, որ թուրքական բեռների մի մասը վերաուղղորդվել է Վերին Լարս, ինչից էլ մեծացել է ծանրաբեռնվածությունը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ աշխատում են ՌԴ և Վրաստանի կառավարությունների հետ, բացի այդ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդն է զբաղվում այդ հարցով։

«Ես ընդունում եմ, որ այդտեղ խնդիրներ կան, մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի իշխանությունների հետ, որ ԵԱՏՄ բեռների համար «կանաչ ուղի» կբացվի: Այդ պայմանավորվածության կյանքի կոչումը ընթացքի մեջ է։ Այսօր ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում նույնպես այդ հարցը քննարկել ենք։ Այո, սա ճգնաժամ է, ես ընդունում եմ, որ մենք շատ անելիք ունենք և աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, եթե այդ աշխատանքը չլիներ, ապա համոզված եղեք, որ իրավիճակը շատ ավելի ծանր ու կատաստրոֆիկ կլիներ»,- ասաց նա։

  • Կիսվել: