ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այն լրացուցիչ պարամետրերը, որոնք թույլ կտան ավելի բարձր վերահսկողություն ունենալ ապրանքների նկատմամբ:

 

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե հստակ ինչ մեխանիզմներ կան գյուղատնտեսական սննդամթերքների որակը վերահսկելու համար:

 

Կարեւորելով օրենսդրական փաթեթով ներկայացված լրացումները՝ պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարբերաբար ստուգումներ իրականացվում են՝ ընդգծելով, որ գենետիկորեն փոփոխված մթերքը քայքայում է մարդու առողջությունը:

 

«Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է: Բացի այդ՝ նախաձեռնել ենք Հայաստանում ստեղծել հետազոտական լրացուցիչ հզորություններ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար ստուգումներ է անցկացնում, եւ դուք ժամանակ առ ժամանակ տեսնում եք, որ ստուգումների արդյունքում կասեցվում է այս կամ այն տնտեսավարողի գործունեությունը, քանի որ նրանց գործունեությունը չի բավարարում ՀՀ եւ ԵԱՏՄ տեխնիկական կարգերով սահմանված պահանջներին»,- հավելեց Վահան Քերոբյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ազգային ժողովի հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Օրենսդրական փաթեթը, որն առաջարկվում է քննարկել 24-ժամյա ընթացակարգով, նպատակ ունի սահմանել լրացուցիչ կարգավորումներ՝ ժամանակակից մեխանիզմներով կառավարելու թունաքիմիկատների եւ պեստիցիդների ներմուծման ընթացակարգը»,- ընդգծեց հիմնական զեկուցողը:

Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում կսահմանվի իրավակարգավորում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն եւ ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խթանել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ եւ հրատապ լուծումներ կստանան:

Սահմանվել են ՀՀ-ում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման եւ գրանցումից հանելու, ինչպես նաեւ ներմուծման կարգերը:

  • Կիսվել: