երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցվել է. ԿԲ խորհուրդը շարունակելու է դիտարկել տնտեսության զարգացման սցենարները

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցվել է. ԿԲ խորհուրդը շարունակելու է դիտարկել տնտեսության զարգացման սցենարները

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկի  կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանվել է 10, իսկ բանկերից ներգրավվող դրամական միջոցների տոկոսադրույքը՝ 7 տոկոս: Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և  գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ-ի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և 2024 թվականի փետրվարին կազմել է -1.7 տոկոս: Նմանապես շարունակել է նվազել նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը հունվարին կազմել է -0.4 տոկոս:

«Համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա շարունակում են զգալիորեն թուլանալ։ 2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել, իսկ տարեկան գնաճը՝ նվազել։ Այնուամենայնիվ, գնաճային միջավայրը պահպանվում է բարձր մակարդակներում՝ պայմանավորված աշխատաշուկայից ածանցվող գնաճային ճնշումներով: Սպասվում է, որ առաջիկայում հիմնական գործընկեր երկրների կենտրոնական բանկերը կպահպանեն դրամավարկային քաղաքականության զսպող դիրքը, ինչը կարող է ռիսկեր ստեղծել համաշխարհային պահանջարկի կրճատման և գնաճի նվազման համար: Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մատակարարման շղթաների խաթարման, ինչպես նաև Չինաստանում ֆինանսատնտեսական խնդիրների սրման հետևանքով առկա են Համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների տատանողականության հետ կապված ռիսկեր»,- նշեց Մարտին Գալստյանը:  

ԿԲ նախագահը նկատեց, որ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, ինչին շարունակել է նպաստել շինարարության և առևտրի ոլորտների բարձր աճը:

«Հայաստանում գնաճը շարունակում է մնալ ցածր, ինչին հիմնականում նպաստել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված զսպող դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները և դրամի արժևորման հետևանքները: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն նպաստել է համախառն պահանջարկի և առաջարկի միջև անհավասարակշռության կրճատմանը, ինչն էլ արտահայտվել է  աշխատավարձերի և կոշտ գներով աչքի ընկնո​ղ ապրանքների և ծառայությունների գնաճի ու գնաճային սպասումների նվազմամբ»,- մանրամասնեց նա:  

Մեծ անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ԿԲ Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Հավասարակշռելով դրանց ռիսկերը՝ Խորհուրդը որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը շարունակելու է դիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:

Նախկինի պես, ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշում է կայացնելու տարեկան 8 անգամ:

  • Կիսվել: